Համաշխարհային հանրությունը նպատակ չունի գտնելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման բանաձև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

աթաև
24News.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագիտության թեկնածու, Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը:

 

-Պարո՛ն Աթաև, հետևե՞լ եք հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումներին։ Ի՞նչ եզրակացություններ եք արել։

-Տպավորություն է, որ ներկայումս ձևավորվում է նոր մակրոտարածաշրջան, որում կստեղծվի ևս մեկ գլոբալ անկայունության օջախ։ Համաշխարհային քաղաքական «դասակարգին» անհրաժեշտ է գլոբալ ապակայունացում: Միայն այս կերպ են քաղաքական վերնախավերը գտնում իրենց գիտելիքների, հմտությունների և կարողությունների դրսևորման դաշտը:

Արդեն ձևավորվել են պատերազմի կառավարման ոլորտում մեծ թվով միջազգային մակարդակի մասնագետներ, ինչպես նաև կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՄԻՊ-ը, ԵԽԽՎ-ն, ՆԱՏՕ-ն, որոնք «սնվում» են հակամարտություններից՝ իբր թե «լուծելով» դրանք: Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրինակով, որ միջազգային կառույցները բացահայտորեն շահարկում են հայ-ադրբեջանական դիմակայությունը: Համաշխարհային միջազգային հանրությունը նպատակ չունի հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու բանաձ մշակել։ Չնայած գիտական ​​ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները և միջազգային ֆորումները ստեղծվել են և «արդյունավետորեն գործում են»:

Այս պայմաններում միանգամայն բնական է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաների նյարդերը պարզապես տեղի են տալիս։ Եվ քաղաքական անկայունությունը վերաճում է ռազմաքաղաքականի։ Այդպես էր 2016-ի ապրիլին: Նույն սցենարը կրկնվեց 2020 թվականի հուլիսին: Ավելի հաճախ ադրբեջանական կողմն է նյարդայնանում, և դրա պարզ բացատրությունը կա. նրանք պարտվել են պատերազմում։ Եվ կարծում են, որ նման իրավիճակից դուրս գալու բնական ելքը դիմակայությունն ուժային ճանապարհով լուծելն է:

Մեծ Մերձավոր Արևելքն արդեն ապակայունացված է, միգուցե հիմա եկել է Մեծ Կովկասի հերթը: Այսպես կոչված «Անդրկովկասյան հանգույցը» նախադրյալներ ունի՝ դառնալու միջազգային ապակայունացման հաջորդ շրջանը: Ի՞նչն է դրան նպաստում: Բանն այն է, որ ապակայունացման արտահանումը ապացուցել է իր արդյունավետությունը նոր քաղաքական իրականության ձևավորման գործում:

Եվ նոր քաղաքական իրականությունը Անդրկովկասի ռազմաքաղաքական տարածաշրջան մտնելու Թուրքիայի ցանկությունն է: Իսկ «ՆԱՏՕ-ի միջանցքը» չի համապատասխանում Թուրքիայի շահերին։ Իրենց պետք է այսպես կոչված «Թյուրքական միջանցք»՝ որպես ճանապարհ դեպի հետխորհրդային տարածքի այլ երկրներ։

Ածխաջրածնային հումքի կարևորության անկման ֆոնին աճում է անդրազգային քաղաքական նախագծերի դերն ու նշանակությունը:

-Թուրքիան անվերապահորեն աջակցեց Ադրբեջանին՝ առանց նույնիսկ վերլուծելու, թե ո՞վ է իրականում հրահրել հակամարտությունը: Էրդողանը վա-բա՞նկ է գնում։

-Թուրքիան չէր կարող չօգնել, կամ չաջակցել Ադրբեջանին, քանի որ այս հակամարտությունը իրական մեխանիզմ է Թուրքիայի և անձամբ Էրդողանի ազդեցությունը մեծացնելու համար: Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որն իսկապես կարող է ազդել Ադրբեջանի և նրա նախագահի վրա. սա նույն նոր քաղաքական իրականությունն է, որի մասին ես խոսեցի նախորդ պատասխանում: Նոր քաղաքական իրականությունը ոչ թե հակամարտությունը ընդլայնելու անհրաժեշտություն է, այլ առճակատման իրական ընդլայնում: Մենք տեսանք այս տարվա հուլիսին, թե ինչպես է հայ-ադրբեջանական դիմակայության աշխարհագրությունը տեղափոխվել Մոսկվա:

Այսպիսով, իրավիճակը դիտարկող թուրք վերլուծաբանները շատ ուշադիր հետևեցին այս գործընթացներին: Բոլորի համար չէ, որ ակնհայտ է, որ դիմակայության ընդլայնումը դիվիդենտներ կբերի Թուրքիային: Մինչդեռ Թուրքիան ոչ թե անուղղակի, այլ ուղղակի շահառու կլինի հայ-ադրբեջանական դիմակայության աշխարհագրության ընդլայնումից: Նախ սա Ռուսաստանի թուլացումն է, և երկրորդ, առանց Թուրքիայի մասնակցության՝ անհնար է հայ-ադրբեջանական դիմակայության իրական լուծում:

Եվ, իհարկե, Էրդողանը, որն ունի քաղաքական կոշտ փորձ (բեկգրաունդ), հմտորեն ղեկավարում է քաղաքական հույզերը. սա հետխորհրդային տարածքի որոշ առաջնորդների լիովին հակառակն է, ուստի մենք շուտով չենք տեսնի մի իրավիճակ, երբ Էրդողանը համառորեն անցնի «կարմիր գիծը» կամ գնա վա-բանկ։

-Ըստ Ձեզ՝ Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանային հիմնական խաղացողի մենիշխանությունը:

-Պետք է ընդունել, որ Թուրքիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն աստիճանաբար Ռուսաստանին դուրս են մղում քաղաքական և տնտեսական տարածաշրջանային նիշերից: Ոչ այնքան արդյունավետ դիվանագիտությունը, ինչպես նաև պատժամիջոցների գործոնը կատարեցին իրենց գործը: Իհարկե, առանց Ռուսաստանի, տարածաշրջանում հակամարտությունների լուծումը անհնար է, բայց այն պայմաններում, երբ համաշխարհային էլիտան հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ, ազդեցության հավասարակշռությունն արդեն նույնն է:
Այս երևույթը ունի նաև օբյեկտիվ գործընթաց. ԽՍՀՄ-ում ձևավորված վերջին քաղաքական գործիչները (ֆունկցիոներները) շուտով կհեռանան և նրանց տեղը կզբաղեցնեն Կենտրոնական Եվրոպայի համալսարանի կամ Ֆլետչերի դպրոցի շրջանավարտները, որոնք նույնիսկ ռուսերեն չգիտեն:

-Ռուսաստանի և մյուս դաշնակիցների դիրքորոշումը ՀԱՊԿ-ում շատ հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում: Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ ռազմական դաշինքն անարդյունավետ է, և որը հավասարության նշան դրեց ագրեսորի և զոհի միջև։. Ընդ որում՝ վերջինս իր դաշինքի հիմնադիր անդամ է։

-Պետությունների միջև իսկապես դաշնակցային հարաբերությունները հետխորհրդային տարածքում դեռևս ձևավորված չեն: Մինչ այժմ նախկին խորհրդային հանրապետությունները «ոչ դաշնակիցներ» են: Ահա թե ինչու նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող բոլոր դաշինքները և միությունները դեռ շատ արդյունավետ չեն: Բացի դրանից՝ Խորհրդային Միությունում ձևավորված քաղաքական գործիչների համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դեռևս ընկալվում են որպես նախկին միութենական հանրապետություններ: Մոսկվայում քաղաքական շատ գործիչներ դեռևս դժվարանում են համակերպվել ԽՍՀՄ փլուզման հետ մտավոր և հոգեբանական հարթությունում: Քաղաքական և տնտեսական առումով նրանք համակերպվեցին դրան, բայց՝ ոչ ավելին:

-Եվ վերջինը. մեր ուղղափառ եղբայրները՝ Սերբիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Բելառուսը, ակտիվորեն զինում են Ադրբեջանին: Ավելին, ֆանտազիայի աշխարհից է, որ Թուրքիան, Պակիստանը և մյուս իսլամական երկրները Հայաստանին կվաճառեն գոնե մեկ փամփուշտ: Ուղղափառ գաղափարը մեռնո՞ւմ է։

-Ուղղափառությունը չի մեռնում, այլ ուժեղանում է, բայց այն քաղաքական գործիչները, որոնք ղեկավարում են ձեր թվարկած պետությունները, ավելի ու ավելի են առանձնանում Քրիստոսի եկեղեցուց: Ուղղափառ հիմք ունեցող պետությունները հեռանում են հավատից: Եվ սա ցավալի է:

Սարգիս Սարգսյան

--00—ԼՄ