Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում արձագանքել վերջերս որոշ լրատվամիջոցներում իմ անձի դեմ ծավալած կեղծիքներ ու ապատեղեկատվություն տարածող արշավին և մեկընդմիշտ փակել այս թեման: Ես անկուսակցական եմ և սկզբունքորեն ոչ մի «քաղաքական խաղերի» չեմ մասնակցում:

Համայնքի ղեկավարի պաշտոնում իմ աշխատանքի գլխավոր մոտիվացիան Աշտարակն օրինակելի քաղաք դարձնելն է. քաղաքի կարևորագույն հիմնախնդիրների լուծումը, բնակչության սոցիալական հարցերին արձագանքումը, քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը:

Մշտապես նշել եմ և հիմա կրկին հաստատում եմ իմ պատրաստակամությունը լսել ցանկացած կառուցողական քննադատություն, միշտ բաց եմ և պատրաստ երկխոսության: Հորդորում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին կասկածելի աղբյուրներից չստուգված տեղեկատվություն չհրապարակել: Առավել ևս, երբ դուք ցանկացած ժամանակ կարող եք անձամբ ինձնից ճշտել իրողությունը: Կեղծիք, ապատեղեկատվություն և զրպարտանք հրապարակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ, եթե չասեմ ավելին:

Համայնքի ղեկավար ընտրվելու առաջին իսկ օրվանից աշխատել, աշխատում և աշխատելու եմ իմ ծննդավայրի բարօրության համար, և ինձ համար կարևոր է իմ համաքաղաքացիների վստահությունը, աջակցությունը և միասին փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունը: Ոչ մի հերյուրանք չի կարող խոչընդոտել մեր նպատակների, ծրագրերի և երազանքների իրականացմանը: