Պարզաբանումներ եմ պահանջելու ոչ միայն Բելառուսի, այլև Ղազախստանի նախագահից. Ն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

«Ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից:

Նիկոլ Փաշինյանը  նշել է, որ դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: 

«Հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումը կոնսենսուսով է կայացվում:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակ խոսակցություն ունենալ դաշնակիցների հետ, որ կողմերից յուրաքանչյուրը հստակ իմանա, թե ինչ պարտավորություններ ու պարտականություններ ունի կազմակերպության ու նրա անդամ երկրների հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին: