Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ:

Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:

Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով:

«Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,- նշել է նախարար Ցոլակյանը:

Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը հուշանվերներ են փոխանակել:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս