Ընդունել են, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը միակ ճիշտն էր Հայաստանի համար. Վիգեն Սարգսյան

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՀՀԿ-ի ընդդիմախոսներն ընդունել են, որ նրա քաղաքականությունը խոհեմ էր եւ Հայաստանի համար միակ ճիշտը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Նրա ագրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր եւ Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում:

Հաջողության բանաձեւն է` գիտելիք, չափվածություն, հետեւողական աշխատանք, հմուտ թիմ:

Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսեւորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ի նպաստ հավասարակշռված եւ Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»: