Խաշթառակի դեպքն աննախադեպ դաժան է․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Սա խայտառակություն է:

Փաստորեն հասարակությունը, և առաջին հերթին՝ համայնքը, չկարողացավ պաշտպանել երեխային:

Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց:

Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետև քար անտարբերություն է եղել:

Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները:

Այս դեպքն աննախադեպ դաժան է:

Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները:

Հանրությունը պետք է սթափվի:

Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը և բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթևացնելն է, առողջ և բարոյական մթնոլորտի ձևավորումն է:

Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք ...»։ 

-- 00—ՄՀ