Ահռելի սպասելիքներ ընտրությունից՝ ինչո՞ւ է «խառը» հասարակությունը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Այդ մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց: Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, որոնք, օրինակ, որեւէ կերպ ներգրավված չեն քաղաքական ուժերի կազմում, որեւէ կերպ չեն մասնակցում ընտրություններին: 

Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն եւ սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ: Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են։

Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ–որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր...», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» եւ նման կարգի այլ ձեւակերպումներով: 

Խնդիրն այն է, որ հասարակության շարքեր են ներարկվում ահռելի սպասելիքներ, ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ: Հասարակությունն էլ, ըստ այդմ, ամեն հերթական ընտրության վերաբերում է որպես առանձնահատուկ երեւույթի, որպես դրախտի կամ դժոխքի: Հասարակության չափազանցված սպասելիքները կառուցողական հուն տեղափոխելու միակ տարբերակը հստակ ծրագրային պայքարն է, երբ ինչ կլինի հետո հարցի պատասխանն ի սկզբանե պարզ է, եւ այդ հարցի պատասխանն ունենալով է քաղաքացին մտնում քվեախցիկ, ոչ թե ենթադրություններով ու իռացիոնալ ակնկալիքներով»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։