Որոշ համայնքներում հողերի հաշվառման աշխատանքներում թերություններ են հայտնաբերվել. ՔՏՀԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

հողեր

2020 թ․ 1-ին կիսամյակի ընթացքում հողօգտագործման բնագավառում Տարեկան ծրագրով նախատեսված էր իրականացնել 5 ստուգում, սակայն կատարվել է միայն մեկ ստուգում, ինչը կազմում է նախատեսվածի 20 %։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱՏՄ մամուլի ծառայությունը։

2020թ. փետրվարի 12-25-ը ներառյալ իրականացվել է տեսչական ստուգում ՀՀ Արմավիրի մարզում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ, որի ընթացքում ստուգվել են մարզի վեց՝ Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներ։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 66 խախտում, որից Գայ համայնք՝ 19, Մյասնիկյան՝ 17, Մուսալեռ՝ 11, Պտղունք՝ 8, Ոսկեհատ՝ 7, Այգեկ՝ 4 խախտում։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով՝ չեն վարվել հերթապահ կադաստրային քարտեզներ: Սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։

2020թ․ հունվարին Տեսչական մարմին է ներկայացվել «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ գրություն, որի հիման վրա իրականացվել է ստուգում Արարատի մարզի Արգավանդ համայնքում: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ: Բացահայտված խախտումները վերացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել ՀՀ համապատասխան մարզպետին:

Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ՔՏՀԱՏՄ ուղղված գրությունը՝ Աբովյան համայնքում Տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 5-6-ը ներառյալ իրականացվել է ստուգում, որի ընթացքում բացահայտվել են հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու հետ կապված խախտում, ինչի վերաբերյալ 09.03.2020թ. կազմվել է N 3 ակտը: Ներկայացվել է միջնորդություն ՀՀ Կոտայքի մարզպետին՝ արձանագրված խախտման համար Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության, միաժամանակ պարտավորեցնելով խախտումը վերացնել ողջամիտ ժամկետներում:

2020թ. մայիսի 26-ին ստուգում է իրականացվել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ: Ստուգման արդյունքում կազմվել է Վարչական իրավախախտումների N4 ակտը և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և ողջամիտ ժամկետում խախտումը վերացնելու համար:

2020թ. հունիսի 5-8-ը ներառյալ ստուգում է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ: Ստուգման արդյունքում կազմվել է Վարչական իրավախախտումների N6 ակտը: Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով ակտի մեկ օրինակը ուղղարկվել է համապատասխան իրավասու մարմիններ:

2020 թ․ 1-ին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմին հասցեագրվել է 7 դիմում-բողոք, որոնցից 4-ն ընթացքի մեջ են, 3-ի հիման վրա կատարվել են ստուգումներ։

2020թ. մայիսի 27-ին ըստ անհրաժեշտության ստուգում է իրականացվել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 1 խախտում և կազմվել է Վարչական իրավախախտումների N05 ակտը, նշանակվել է տուգանք և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և ողջամիտ ժամկետում խախտումը վերացնելու համար։

Թեժ գծով ստացվել է 1 բողոք։

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովից ստացվել և ուսումնասիրվել է հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված 80 հողաշինարարական գործ։ Արդյունքում տրվել է 49 դրական և 31 բացասական կարծիք։ ՔՏՀԱՏՄ աշխատակիցների կողմից՝ 2020 թ․1-ին կիսամյակի ընթացքում կատարված ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ ըստ անհրաժեշտության ստուգումների հետ միաժամանակ, համայնքների ղեկավարներին և համապատասխան բաժինների պաշտոնատար անձանց տրվել են ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ, ինչպես նաև օրենսդրական պահանջներին վերաբերվող խորհրդատվություններ։ Այդ թվում․

• հողային հաշվեկշիռը (բալանսը) ճիշտ կազմելու վերաբերյալ։
• աճուրդային փաթեթների պարունակության վերաբերյալ։
• հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար՝ միջգերատեսչական հանձնաժողով ուղարկվող փաթեթների պարունակության, նպատակային և գործառնական հողատեսքերի կարգավիճակը փոխելու վերաբերյալ։

1

--00—ԼՄ