ԼՂ խնդրի շուրջ բանակցող կողմերի կազմը փոխելու փորձերն անընդունելի են. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը: Նա ընդգծեց՝ պետք է առաջնորդվել այն որոշումներով, որ ընդունել է միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որ այդ պահին նպատակ ուներ դադարեցնել պատերազմը, նաև՝ պետք է առաջնորդվել հաջորդ փուլերում մշակված բանակցային գործընթացի չափորոշիչներով, որոնց նպատակը խաղաղ բանակցություններն են: Լավրովը հիշեցրեց՝ դրանք մշակվել են ԵԱՀԿ շրջանակներում:

«Համանախագահության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ փաստաթղթերի մի ստվար զանգված է մշակվել՝ մոտեցումների տարբեր աստիճանի դետալացմամբ, որոնց միասնական, ընդհանուր նպատակն է խնդիրը լուծել հաստատված սկզբունքների համաձայն»,- ասաց նա:

Լավրովը հայտնեց, որ կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ԱԳ նախարարների, նաև համանախագահների ստորագրությունները կան, որոնցում, թեկուզ ընդհանուր գծերով, բայց հաստատված է կարգավորման համակարգային մոտեցումը, որ պետք է հասցնի խնդրի վերջնական լուծմանը: 

Հարցին՝ արդյո՞ք պահպանվում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում ձեռք բերված համաձայնությունների բազան արդյո՞ք պահպանվում է, և ինչպե՞ս դրա արդյունավետությունը բարձրացնել, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանեց.

«Այո, լրջորեն մշակված է, տխուր կլիներ կորցնել այդ բազան: Ցավոք, մենք նման փորձեր տեսել ենք, այդ թվում՝ փորձեր՝ փոխել բանակցող կողմերի կազմը, ինչն անընդունելի է համանախագահների համար, անձամբ հայտարարում եմ այդ մասին»:

Լավրովն ընդգծեց՝ առավել ինտենսիվ բանակցությունները չեն խանգարի:

--00--ԱԹ