Լևոն Մնացականյանի նախագահությամբ Արցախում անցկացվել  է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 17, 24News

Thumbnail

Նոյեմբերի 16-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել  է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը` ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի  հրամանատարներն ու համապատասխան ոլորտների զինվորական պաշտոնյաներ:

Ներածական խոսքում կարևորելով օրակարգային բոլոր թեմաները` ՊԲ-ի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել ներկաներին ակտիվորեն մասնակցել նիստի աշխատանքներին և կառուցողական քննարկումների արդյունքում, պրոբլեմատիկ հարցերի լուծման վերաբերյալ ձևավորել ընդհանրական մոտեցումներ:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են աշխատակարգով նախատեսված ելույթները, որոնք վերաբերում էին միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների կցագրմանն ու ուսումնասիրմանը, դրանց կառավարմանը, լրահամալրման պլանավորման վիճակին, կազմհաստիքային կառուցվածքի համաձայն` սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբախշման ընթացքին, հաշվառման կազմակերպմանն ու հարակից այլ թեմաների:

Ամփոփելով արդյունքները, Լևոն Մնացականյանը հանձնարարել է ներկա սպայակազմին, ըստ գործառութային պարտականությունների, ռազմական խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանք հաշվի առնել հետագա ծառայության ընթացքում: