Գերբեռնված ուղևորափոխադրումների թվաքանակն ավելացել է․ ՔՏՀԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

մուտք

Oգոստոսի 26-ից սկսված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքների իրականացման տեմպը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Նշենք, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաննում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ հսկողություն են իրականացրել միաժամանակ մի քանի շրջիկ կարգախմբերով՝ նաև հսկողություն սահմանելով տարբեր վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում։

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում, Խանջյան փողոցում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ազատության պողոտայի ողջ երկայնքով տեսչական մարմնի տրանսպոտի անվտանգության մասնագետները վերահսկել են հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ընթացքը, որպեսզի բացառեն կամ նվազագույնին հասցնեն վերջին օրերին առավել հաճախ հանդիպող գերբեռնված փոխադրման դեպքերը։

Արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հիմնական խախտան դեպքերը գրանցվել են կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում։ Վաղ առավոտից դիտարկվել են հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ամենօրյա ռեժիմով անակնկալ և ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

--00—ԼՄ