Դասապրոցեսի կազմակերպման շուրջ բողոքները շարունակվում են․ նոր որոշում կլինի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

դպրոց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են:

Եվ ըստ երեւույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։ Խոսքը վերաբերում է նաեւ դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պահանջին:

Ինչպես հայտնի է, մոտ տասը օր առաջ ԿԳՄՍ-ն դպրոցներ է ուղարկել ուղեցույցները, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է անցկացվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից, որում նաեւ պարտադիր պահանջ է եղել հենց դիմակի կրումն աշակերտների կողմից:

Այս դրույթը, մեր տեղեկություններով, դժկամությամբ է ընդունվել ավելի ցածր դասարանի աշակերտների ծնողների կողմից, որոնք տարակուսել են, թե ինչպես կարող են փոքրերը մի քանի ժամ շարունակ դիմակ կրել:

Բանն այն է, որ նախարարության հրապարակած ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները եւ անձնակազմը դիմակներ պետք է կրեն, դասերի ժամանակը կրճատելու համար շաբաթ օրը նույնպես դպրոցական կլինի։ Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը. եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր:

Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ դպրոցների տնօրենները բոլոր բողոքները հավաքագրել են եւ ուղարկել նախարարություն, որտեղից էլ որոշել են զիջումների գնալ եւ հավելյալ քննարկում անցկացնել: Եվ նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը նոր որոշում կունենա, թե ինչ պետք է անել համատարած դիմակ կրելու փոխարեն:

Հավելենք, որ հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում, սակայն դեռ հստակ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է պահպանեն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու դասերն անցկացնեն նոր կանոններով: Այնպես որ, չի բացառվում՝ մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը նոր փոփոխություններ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ