Ես`արարատցիս, առաջադրվում եմ Երևանում. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը ծայրից ծայր սահմանամերձ հայրենիք է, ուստի բնական է, որ արարատցի լինելով հանդերձ, նա առաջադրվել է Երևանում՝ թիվ 1 ընտրական տարածքում՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Այդ մասին Սարգսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, ուր, մասնավորապես, նշել է.

«Գիտեմ, որ հարցնելու եք` ինչո՞ւ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը: Որովհետեւ ինձ համար Հայաստանը ծայրից ծայր սահմանամերձ հայրենիք է, ու ես ուզում եմ ձեզ համար լինել այն պատգամավորը, որ խնդիրները լուծելու մեջ իմ ու քո չի տեսնում, տեսնում է «Մենք» ու մենքով է պայմանավորում բոլորիս ու յուրաքանչյուրիս հաջողությունը: Ստանալով ձեր ձայնը` պատրաստ եմ թիվ 1-ը լինել թիվ 1 ընտրատարածքում` ձեր կողքին ու ձեզ թիկունք: Դեկտեմբերի 9-ին մենք սկսում ենք մի ճանապարհ, որի հաջողությունը մեզնից է կախված ու մենք  մենք ենք մեր որոշումների պատասխանատուն, մեր ընտրության տերը»։