Փաշինյանն էլ Ալիևի հետ սկսեց հանդիպել ու բանակցել առանց Արցախի նախագահի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

շարմազ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում «Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի «դառը պտուղները» խորագրով գրառում է արել:

«2018-ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի տրիբուն» Փաշինյանը Ստեփանակերտում հպարտորեն հռչակեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները: Նա մասնավորապես նշեց իր գլխավոր թեզը. Արցախը պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին և առանց Արցախի մասնակցության ինքը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների:

Այս ժողովրդահաճո հայտարարությունից անցել է ավելի քան երկու տարի և դրական որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել: Ավելին, Փաշինյանի առաջարկությանը կտրուկ արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Փաշինյանն էլ Ալիևի հետ սկսեց հանդիպել ու բանակցել առանց Արցախի նախագահի:

Բայց սա դեռ վերջը չէ: Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Համանախագահների համար անընդունելի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը»:

Սա ակնհայտ հարված է Փաշինյանի «աջաբսանդալային» դիվանագիտությանը և հերթական անգամ ի ցույց է դնում նրա ռեժիմի ապիկարությունը:

Արտաքին միջպետական հարաբերությունները պոպուլիստական լոզունգներ չեն հանդուրժում:

Հ. Գ. Ի դեպ, Սերժի ժամանակ մենք «կուրծք չէինք ծեծում»թե Արցախը վաղը դառնալու է բանակցությունների լիիրավ կողմ,բայց 2016 -ի ապրիլին համանախագահները հայտարարում էին, որ Արցախը պետք է վերադառնա բանակություններին եզրափակիչ փուլում»,-գրել է Շարմազանովը:

--00—ԼՄ