Ռուսական ուժերը չեն օգտագործվի,քանի դեռ Բելառուսում ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

պուտին

«Ria.ru»-ն, հղում անելով «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, հայտնում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում պարտավորություններ ունի Բելառուսի հանդեպ:

«Կան համապատասխան հոդվածներ, որոնք վկայում են այն մասին, որ այդ կազմակերպությունների բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Միութենական պետությունը, որն ունի ընդամենը երկու մասնակից պետություն՝ Ռուսաստանն ու Բելառուսը, պետք է միմյանց օգնեն ինքնիշխանության, արտաքին սահմանների պաշտպանության և կայունության հաստատման հարցում։ Այնտեղ այդպես էլ գրված է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ Լուկաշենկոն խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորել։

«Ես դա արեցի։ Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ից Բելառուսում քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված: Ցույցերի հետևանքով հազարավոր մարդիկ են ձերբակալվել ու վիրավորվել, 3 ցուցարար մահացել է: 

--00—ԼՄ