Դեռ չենք հասունացել որպես հասարակություն, որ ազատությունը ճիշտ ընկալենք․ Սամվել Թոփալյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Դերասան Սամվել Թոփալյանը 24TV-ի եթերում, անդրադառնալով երկրում տիրող քաղաքական ու հասարակական իրավիճակին, հատկապես վերջին շրջանում խմորվող անորոշ ու անհասկանալի զարգացումներին, նշեց․ «Դեռ չենք հասունացել որպես հասարակություն, որ ազատությունը ճիշտ ընկալենք։ Մենք պատրաստ չէինք այդ ազատ, անկաշկանդ վիճակին։ Թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակության մեջ միշտ ինչ-որ բանի ընդդեմ է արվել և չի արվել հանուն ինչ-որ բանի։ Եթե քննադատում ենք, ուրեմն թունոտ ենք քննադատում, բայց քննադատել չի նշանակում սպանել, ոչնչացնել, այլ խնդիրներ բարձրացնել։ 

Եթե թունոտ է մթնոլորտը և նախանձի, բացասականի գերիշխող հարթություն է, ոչ մի բան չի ուղղվելու։ Մենք չենք սիրում դիմացինին, որը վերջին շրջանում ավելի սրվեց։ Բայց որքան էլ մութ է, անորոշ վիճակ է, պատ է դիմացը, պիտի լավ լինի։ Այս հեղափոխությունից հետո ժողովրդի հույսը վերականգնվեց, թեպետ հիմա էլ կան երևույթներ, որ հուսաթափ են անում։ Ես կուզեի, որ հաղթանակած վիճակը պահպանվեր, միևնույն ժամանակ այդ վատ երևույթները պետք է վերջանան, իսկ կուրորեն հավատը վատ տեղ կտանի»։

Դերասանը անդրադարձավ նաև իր անցած բեմական ճանապարհին՝ սկսած առաջին դերից մինչև այս համաճարակի շրջանում հարկադիր պարապուրդի մատնված բեմին ու թատերական կյանքին, ինչպես նաև բեմից դուրս նախասիրություններին։ Իսկ կրթական համակարգում կատարվող փոփոխությունների առիթով նկատեց․ ««Հայ» բառն ուզում են հանել դասագրքերից, ինչի՞ն է խանգարում, վատ զգացողություննե՞ր է առաջացնում մարդու մեջ, թե՞ պատվեր է։ Այդ բառը հանելով՝ երեխայի կրթական մակարդակը բարձրանո՞ւմ է։ Ի՞նչ տրամաբանությամբ են անում, եթե պատվեր չէ, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում»։

Ավելի մանրամասն դիտե՛ք տեսանյութում։

--00—ԼՄ