Նիկոլ Փաշինյանը՝ ամենաարդարացի բողոքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հնչող ամենաարդարացի բողոքներից մեկը բարձրորակ մասնագետների ծրագրերը տեղ հասցնելու դժվարությունն է։ Վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է խնդրի լուծում, որը ներկայացնում ենք ստորև.         

«Սիրելի հայրենակիցներ.

Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում և ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր և ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Այն մարդիկ, որոնք համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այդ մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու և նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար:

Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում, ըստ անհրաժեշտության և նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ և մոտիվացված լինելու մեջ:

Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է և խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաև սեփական օրինակով:

Լավ եղեք»։