Փող են կորզել հիպնոսի միջոցով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն օրերս օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երեւանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզում: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Ընկերությունը յուրաքանչյուրից վերցնում է 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։ Նշվում է, որ կազմակերպությունում իրականացվել են համապատասխան ստուգումներ՝ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաճախորդը պարտադիր գնում է հյուրանոցի ամրագրման փաթեթ՝ դառնալով ցանցի անդամ։ Այնուհետեւ փորձում է այլ անձանց եւս ներգրավել՝ նրանց էլ առաջարկելով գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ։ Այս մեխանիզմով կազմակերպությունը ստանում է միավորներ, որոնք հետագայում վերածվում են գումարի։ Ընդ որում, հիշյալ գործարքները շինծու են, քանի որ բոլոր ներգրավվող անձանց նպատակը գումար վաստակելն է:

Այդ իսկ պատճառով նրանք ձեռք են բերում վերոհիշյալ փաստաթղթերը, որպեսզի դառնան ֆինանսական բուրգի մի մասը: Ֆինանսական բուրգը գույքի կամ գումարի ներգրավմանն ուղղված գործունեություն է, որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

Քանի որ նախապատրաստված նյութերով առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ցուցմունք է վերցվել կազմակերպության տնօրենից, ինչպես եւ այլ անձանցից։ Դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող փաստաթղթեր։ Միջոցառումները շարունակվում են։