Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է Սարամեջ համայնքի բնակիչներին, լսել նրանց բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ղուկասյան

Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին մարզպետարանի բակում. նրանց հետ հանդիպել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, բնակիչները մարզի ղեկավարին են ներկայացրել իրենք բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ:

Ասում են՝ խնդիրները համայնքում շատ են՝ անբարեկարգ ճանապարհ, լուսավորության համակարգի, մանկապարտեզի բացակայություն, ոռոգման ջրի հարց... սրանք առաջնային լուծում պահանջող խնդիրներ են, որոնք մինչ օրս առկախ են մնում:

Բնակիչների հիմնական բողոքը, սակայն, ուղղված էր համայնքապետի և ավագանիների ոչ ռացիոնալ աշխատանքին, ասում են՝ համայնքային բյուջեն օգտագործվում է ոչ նպատակային:

Մարզի ղեկավարը շեշտել է՝ առաջնային պահանջատերը հենց բնակիչն է, համայնքի բյուջեն էլ պատկանում է բնակչին: Անդրեյ Ղուկասյանը հորդորել է նախաձեռնողականություն ցուցաբերել, առավել ակտիվ լինել, մասնակցել ավագանու նիստերին և համայնքապետից ու ավագանուց պահանջել՝ աշխատել՝ ի նպաստ համայնքի զարգացման:

Մարզպետը խոստացել է՝ առաջիկայում անձամբ կայցելի Սարամեջ խնդիրները տեղում մանրամասն քննարկելու նպատակով:

--00--ԱԹ