Աշխարհազորային ստոաբաժանումը չի կարող ներգրավվել ներքաղաքական գործընթացներում. Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Արտակ

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ուսումնասիրվել են Իսրայելի, Իրանի, Ավստիրայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի և այլ երկրների փորձը: Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այն կոչվում «աշխարհազոր կամ ակտիվ պահեստազոր», սակայն զորքերի համալրման, և զանգվածային ուժերով պաշտպանական խնդիրների լուծման գաղափարը հիմնականում նույնն է:

Ընդհանրապես, յուրաքանչյուր պետության պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է հանդիսանում նաև պահեստազորը: Զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառումը, կազմակերպված պահեստազորային համակարգի ձևավորումը և այս ոլորտում թիրախավորված պետական քաղաքականության իրականացումը ռազմական անվտանգության ապահովման հրամայական է: Պահեստազորը, լինելով զինված ուժերի բաղադրիչ, պետք է ունենա համարժեք պատրաստվածություն՝ զինված ուժերի հետ ինտեգրումն ու սպառնալիքներին համարժեք արձագանքումն ապահովելու համար:

2017 թ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, 2018 թ. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և ներդրվել է նաև ակտիվ պահեստազորի կիրառման գաղափարը: Դրա նպատակն է ԶՈՒ համալրվածության անհրաժեշտ թվաքանակի պահպանումը, ԶՈՒ կառավարման մարմինների պատրաստականության բարձրացումը, պատերազմական ժամանակի պաշտոններին կցագրված պահեստազորայինների ունակությունների կատարելագործումը, ինչպես նաև առանձնահատուկ պահանջների ու խնդիրների բավարարման համար հատուկ մասնագետներին ԶՈՒ շարքերում ներգրավվումը:

Ըստ էության, պետք է ենթադրել, որ աշխարհազորն ակտիվ պահեստազորի շարունակությունն ու ընդլայնումն է՝ նաև այն իմաստով, որ կազմավորվելու է տարածքային սկզբունքով, և նրանում կամավորությամբ ներառվելու են պահեստազորում հաշվառված ու պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիները: Սա հնարավորություն է տալու նաև տարբեր պատճառներով բանակում չծառայած քաղաքացիներին՝ ցանկության դեպքում կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավել արդյունավետ աշխարհազորայինները՝ ընդհանուր առմամբ ավելի բարձր մոտիվացված կամավորներն են, չնայած նրան, որ այն պայմանավորված է լինում նաև նյութական-ֆինանսական ապահովվածությամբ:

Ավելին՝ նյութական խրախուսման նվազ միջոցների դեպքում պահեստազորայինների հավաքագրումն ավելի հաճախակի է խնդիրների առաջ կանգնում: Անգամ այն դեպքերում, երբ պետությունը դրամական ու սոցիալական նպաստների պատշաճ փոխհատուցում է տրամադրում, կամավոր պահեստազորի թվաքանակը համեմատաբար փոքր է: Այնուամենայնիվ, ռազմականացված թշնամուն դիմակայելու համար պետությանը մեծաքանակ պահեստազոր է անհրաժեշտ, և նա չպետք է հույսը միայն կամավորների վրա դնի: Հատկապես, որ բոլոր տիպի խնդիրները՝ թիկունքում կամ առաջնագծում լուծելու համար, աշխարհազորայինների պատշաճ զինպատրաստություն է պահանջվում:

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ պահեստազորային ստոարաբաժանումների գրավչությունը պետության համար՝ նվազ ծախսերն են կանոնավոր բանակի զորքերի համեմատ, որը բավականին թանկ է: Դա է պատճառը, որ նույնիսկ հարուստ պետություններն իրենց պահեստազորը ստեղծում են ոչ միայն նախկին զինծառայողների, այլև նախկինում չծառայած անձանց ներգրավման միջոցով: Ավելի համեստ միջոցներ ունեցող երկրների դեպքում արդյունավետ աշխարհազորի (պահեստազորի) առկայությունը հաճախ պետության պաշտպանական կարողությունները մեծացնելու միակ ճանապարհն է՝ առանց խաղաղ ժամանակ բանակի պահպանման անհիմն ծախսերի:

Բացի դրանից՝ պետությունը խաղաղից՝ պատերազմական իրավիճակի տեղափոխման կարճ ժամանակահատվածի համար հաճախ պահանջվում են մեծ ջանքեր, կազմակերպչական ահռելի ռեսուրսներ և իհարկե ֆինանսական միջոցներ: Լիարժեք համալրված և արդյունավետ գործող աշխարհազորային (պահեստազորային) ստորաբաժանումներն այդ խնդրի վաղօրոք լուծման եղանակ կարող են համարվել:

Իհարկե, այս նախաձեռնությունն իր նպատակին ծառայեցնելու համար դեռևս մեծ աշխատանք է պահանջվում և՛ իրավական կարգավորումների առումով, և՛ սոցիալական, նյութատեխնիկական, պարենային ու իրային ապահովման առումներով: Մեծ աշխատանքներ պետք է իրականացվի քարոզչական դաշտում: Հսկայածավալ աշխատանքներ են պետք կադրերի արդարացված ընտրության, ստորաբաժանումների զինվորական պատրաստության, կարգապահության, ՏԻՄ-երի և տարածքային կառավարման մարմինների գործառույթների՝ ԶՈՒ հետ համադրման, կազմավորված ստորաբաժանումերի տեղակայման, կիրառման, վարժանքներում ներգրավվման, նրանց մարտական առաջադրանքների հստակ սահմանումների ու դրանց վերահսկողության համար:

Բացի դրանից՝ օրենքում հստակ պետք է սահմանվեն, որ իր առանձնահատկությունից ելնելով, որևէ պարագայում, աշխարհազորային ստոաբաժանումը չի կարող ներգրավված լինել ներքաղաքական գործընթացներում: Խիստ ցանկալի է, որպեսզի ապագայում այն ունենա նաև սահմանադրական կարգավիճակ: Գաղափարը բավականին ընդգրկուն է, և առավել դետալացված հնարավոր կլինի խոսել Ազգային ժողովում քննարկումների, ինչպես նաև հետագայում օրենքի կիրառումն ապահովող՝ կառավարության որոշմամբ սահմանվելիք կարգերի նախագծերի առկայության պարագայում»:

--00—ԼՄ