Ստում են, երբ ասում են՝ Խորենացին, Նարեկացին հանում ենք ծրագրից․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր հրաժարականի պահանջին։ 

«Այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով, այդ պատճառների մասին իրենց կհարցնեք։ Իրենք հանրակրթական պետական չափորոշիչների բովանդակությունից գաղափար չունեն կամ էլ ակնհայտ կեղծիք են տարածում»,-ասել է Հարությունյանը։

Նա նշեց, որ ստահոդ են  այն լուրերը, թե ծրագրից հանվելու են Խարանացու, Նարեկացու ստեղծագործությունները։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է խուսափում քաղաքացիների հետ շփումից, նա ասաց․ «Ես շաբաթ, կիրակի օրերը տրանսպորտով եմ շրջում, ամեն երեկո զբոսնում եմ քաղաքի կենտրոնում։ Այնպես որ այդ մտացածին տեղեկությունները մի՛ տարածեք»։

Հիշեցնենք, որ  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթ են սկսել Երևանում։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության բակում, այնուհետեւ քայլերթով գնացին Կառավարության բակ և Ազգային ժողով։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ