Ցանկացած կայացած երկրում գործող ընդդիմությունն ապագա իշխանությունն է. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ցանկացած կայացած երկրում գործող ընդդիմությունն ապագա իշխանությունն է, հետևաբար այդ ապագա իշխանությունը պետք է կառուցել այսօրվանից, քանի որ մարդիկ պետք է տեսնեն, որ դա գոյություն ունի։ Այս ամենը պետք է լինի ժողովրդավարական Հայաստանի գրավականը։ Այս մասին #bRightTalk հաղորդման շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը, անդրադառնալով տարածքային համաչափ զարգացման առումով քաղաքացիների ունեցած սպասումներից, նշել է. «Ինչո՞ւ պետք է Երևանում մանկապարտեզները լինեն անվճար, իսկ մարզերում՝ վճարովի. դա անարդար է և չի տեղավորվում տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ։ Մարզերում մարդիկ շատ հիասթափված են, քանի որ տարածքային համաչափ զարգացման նրանց սպասելիքները չեն իրականացվել, միևնույն ժամանակ այն վայրերում, որտեղ ասֆալտապատում է կատարվել կան դրական էմոցիաներ»։

Էդմոն Մարուքյանը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև երկրի ժողովրդավարացման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև պետականաշինության գործում «Լուսավոր Հայաստանի» անելիքներին։

«Մենք մի ուղղությամբ շարունակելու ենք պետականաշինության գործում ներդրում ունենալ, իսկ մյուս ուղղությամբ կառուցելու ենք գործող իշխանության այլընտրանքը, որը լինելու է ապագա իշխանությունը: Ցանկացած կայացած երկրում գործող ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է, հետևաբար, այդ ապագա իշխանությունը պետք է կառուցել այսօրվանից, քանի որ մարդիկ պետք է տեսնեն, որ դա գոյություն ունի։ Այս ամենը պետք է լինի ժողովրդավարական Հայաստանի գրավականը»,-եզրափակել է Էդմոն Մարուքյանը։

--00—ԼՄ