Լուկաշենկոն սպառնում է փակել տարանցումը Բելառուսի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News   

Լուկաշենկո

Ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է պատասխան քայլերի դիմել, եթե իր երկրի դեմ  կիրառվեն պատժամիջոցներ օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների և դրան հաջորդած բռնությունների պատճառով։ Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել Բելառուսի տարածքով տարանցիկ ուղիները և պատժամիջոցների դեպքում բոյկոտել լիտվական նավահանգիստները:

«Կառավարությանը հանձնարարել եմ առաջարկ ներկայացնել Լիտվայի նավահանգիստներից այլ նավահանգիստներ բոլոր առևտրային հոսքերը փոխելու մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հինգշաբթի օրը Եվրամիության արտաքին գործերի նախարարները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ՝ Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու համար նոր ընտրությունների անցկացման նպատակով: Լուկաշենկոն հերքում է ընտրակեղծիքները և համառորեն մերժում նոր ընտրույուններ անցկացնելու ընդդիմության պահանջը:

ԵՄ ներկայումս քննարկում է ճանապարհորդելու արգելքների ու ակտիվների սառեցման կիրառումը շուրջ 20 անձանց հանդեպ, որոնք պատասխանատու են ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունների համար ընտրություններից հետո:

ԵՄ արդեն ունի զենքի էմբարգո Բելառուսի դեմ, բայց 2015 թ-ին Լուկաշենկոյի հետ կապերը բարելավելու համար դաշինքը թեթևացրեց տնտեսական պատժամիջոցները, որոնք գործում էին 2004 թ.-ից:

Այնուամենայնիվ, արևմտյան տերությունները փորձում են չափավոր աջակցություն հայտնել Բելառուսի ներկայիս ժողովրդավարական շարժմանը` վախենալով, որ ավելի կտրուկ գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի աջակցությամբ ժողովրդավարական շարժման բռնաճնշմանն ու էներգամատակարարման խափանումներին:

Իսկ Բելառուսում այս օրերին շարունակվում են բողոքի ցույցերը: Հարյուրավոր մարդիկ երեկ դուրս էին եկել Մինսկի կենտրոն ՝ հերթական անգամ արտահայտելու իրենց անհամաձայնությունը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ և պահանջելու Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Բողոքի ցույցը ավարտվեց Անկախության հրապարակում զանգվածային ձերբակալություններով: Ըստ «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնի՝ մոտ 200 մարդ բերման է ենթարկվել: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանությունը բերման էր ենթարկում միայն տղամարդկանց:

Այդ նույն օրն ավելի վաղ իրավապահները բերման էին ենթարկել մոտ 20 լրագրողի, որոնք լուսաբանում էին ցույցը: Նրանց թվում էին ինչպես բելառուսական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների աշխատակիցներ: Իրավապահները առգրավվել էին նրանց հեռախոսներն ու փաստաթղթերը: Բելառուսի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ստուգում էին լրագրողների հավատարմագրերը և հաստատում նրանց մասնագիտական գործունեության օրինականությունը: Այդ պատճառով նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ավելի ուշ լրագրողները ազատ են արձակվել:

    -- 00—ՄՀ