«Որակի երաշխիք 2018» մրցանակը՝ Փաստաբանների պալատին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Որակի համաշխարհային օրվա կառթիվ Փաստաբանների պալատն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարման որակյալ համակարգերի ներդրման և արդյունավետ կիրառման համար արժանացել է «Որակի երաշխիք 2018» մրցանակին: Այդ մասին հայտնում են Փաստաբաններիպալատի մամուլի ծառայությունը: 

Այն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հանձնել է Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինը:

Շնորհակալական խոսքում փաստաբանների պալատի նախագահը, մասնավորապես, նշել է․ ««Որակը հաջողություն է» խորագրի ներքո միջոցառման նպատակը նաև արտադրության և սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաև որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը, ինչը ողջունելի է:

Որակը սահմանում է ծառայության կամ արտադրանքի հատկությունների այն ամբողջությունը, որը տվյալ արտադրանքին կամ ծառայությանը հնարավորություն է տալիս բավարարելու խոստացված կամ ենթադրելի պահանջմունքները:Հետևաբար, շատ կարևոր է ծառայության կամ արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում»:

Միջոցառմանը որակյալ ծառայությունների ու կառավարման համակարգերի ստանդարտների մասին ելույթներ են ունեցել Ռուսաստանի և Ավստրալիայի  փորձագետներ:

«Որակի Համաշխարհային Օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում է, որն անց է կացվում աշխարհի շատ երկրներում՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը (այս տարի՝ նոյեմբերի 17-ին): Այդ օրվա  նախաձեռնողն է Որակի Եվրոպական կազմակերպությունը (EOQ)՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ:

Որակի Համաշխարհային օրը նշվել է դեռևս 1960 թվականից, սակայն պաշտոնապես այն հաստատվել է 1990 թվականին ՄԱԿ-ի կողմից: Վեց տարի անց, Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց Եվրոպական որակի շաբաթ:

Միջոցառումը կազմակերպվել է «Բիզնես Դիալոգ» ՓԲԸ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից։ Մրցանակների են արժանացել նաև տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող 10 այլ կազմակերպություններ: