ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալը, ողջունելով երիտասարդներին, տեղեկացրել է, որ նախարարությունն այժմ ոլորտային բարեփոխումներ է իրականացնում, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար մշակվում են ռազմավարական փաստաթղթեր` նախատեսված մինչև 2025 թվականը: Ա.Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է հանրային հատվածի, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների մոտեցումը ներկայացնող կազմակերպությունների նախաձեռնողականությունը և ակտիվ մասնակցությունը ոլորտային պետական քաղաքականության ծրագրերում. «Ստեղծվել է պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, որը լսելով երիտասարդներին՝ ուղենշելու է հիմնական թիրախները: Պատրաստ ենք անկաշկանդ երկխոսության և բաց ենք գործնական առաջարկությունների համար»,-նշել է նախարարի տեղակալը:

Կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանը նշել է, որ իրենք ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացումը դիտարկում են մարդու իրավունքների իրացման տեսակետից` կարևորելով հատկապես կրթական, երիտասարդական և ինքնության պահպանման խնդիրները:

Իրավապաշտպան կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչներից Լենա Միրզոյանը պատմել է, որ այս տարի ընդունվել է ԵՊՀ` սոցիալական աշխատանք մասնագիտությամբ: Ազգային փոքրամասնություններին ԿԳՄՍ նախարարության հատկացրած տեղերի հաշվին` նա կրթությունը կստանա անվճար:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» նաև մեդիա հարթակ է ստեղծել` «Խիրատ» /xirat.com/, որը ներկայացնում է Հայաստանի եզդիական համայնքի կյանքը, մշակույթը և իրավունքների ապահովումը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նախարարության հետ համագործակցության առավել սերտացումը, անդրադարձ է եղել ազգային փոքրամասնությունների մասին պարբերաբար հրապարակվող զեկույցներին, եզդիական համայնքի կրթական խնդիրներին:

--00--ԱԹ