ԿԸՀ-ն 3 կուսակցության 48 ժամ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել  ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և  «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար: Այդ մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը։

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է  փաստաթղթերը լրացնելու համար  48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից  բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա:

Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի  նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին: Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում: