Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել. Բելառուսի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել։ belsat.eu կայքի հաղորդմամբ՝ այդ կերպ Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։

«Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:

Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ  այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում:

Նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից: