Բերդավանցիները բացել են միջպետական ճանապարհը, բայց սպառնում են կրկին փակել․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 17-ի վաղ առավոտից փակած Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը քիչ առաջ բացել են։ Այդ մասին 24news-ի հետ զրույցում նշեց Բերդավանի վարչական ներկայացուցիչ Սմբատ Մուղդուսյանը։ Բնակիչները ճանապարհը փակել էին Հայաստանի և Ադրբեջանի երեքական գերիներին, այդ թվում՝ նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին փոխանակելու պահանջով։  

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։

Սմբատ Մուղդուսյանի խոսքով՝ տեղում գտնվող ոստիկանության վարչության պետը ճանապարհը փակած բնակիչներին ասել է, որ ընդառաջեն, ճանապարհը բացեն, որպեսզի երթևեկությւոնը վերականգնվի։ 

«Հիմա ճանապարհը բացել են, սպասում են մինչև առավոտ, հնարավոր է հանդիպում տեղի ունենա»,- նշեց Սմբատ Մուղդուսյանը։

Ի՞նչ հանդիպման մասին է խոսքը և ո՞ւմ հետ, գյուղի վարչական ներկայացուցիչը դժվարացավ նշել։