Մանվել Գրիգորյանի պաշտպանը դուրս կգա ՀՀԿ-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

 Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մոտ 10 տարի է՝ Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն պատրաստվում է դուրս գալ կուսակցությունից: 24News-ը զրուցել է փաստաբանի հետ կուսակցությունը թողնելու պատճառների, ՀՀԿ-ի սխալների և այլ հարցերի շուրջ:                  

 -Պարոն Մկրտչյան, այլ կուսակցության չե՞ք անդամակցելու:             

 -Ես դեռևս ՀՀԿ-ից դե յուրե դուրս չեմ եկել, բայց ՀՀԿ-ից դուրս գալու ցանկություն վաղուց է եղել: Ես երբեք Հանրապետականի մեծ թիմում չեմ եղել, իմ ձայնը երբեք լսելի չի եղել, որևէ ուշադրություն չի դարձվել: Ակտիվ քաղաքական գործունեությամբ երբեք չեմ զբաղվել, ճիշտ հակառակը, Սարի թաղի դեպքերի ժամանակ պաշտպանել եմ մասնակիցներից մի քանիսին:

Ներգրավված եմ եղել նաև վերջին իրադարձություններին՝ թավշյա հեղափոխությանը, բերման ենթարկված քաղաքացիների եմ պաշտպանել: Երբ տեղի ունեցան այդ իրադարձությունները՝ որոշեցի սուզվող նավը լքող առնետների պես չվարվել և այդ պահին դուրս չգալ կուսակցությունից: ՀՀԿ-ի շարքերում, քանի որ ես միշտ ունեցել եմ պարտականություններ, ոչ թե՝ իրավունքներ, ֆորմալ առումով որոշեցի հետաձգել կուսակցությունից դուրս գալը մինչև ՀՀԿ-ի ավելի լավ օրեր:

Ես Հանրապետականից շատ դժգոհ եմ, դուրս գալու որոշումս վերջնականապես հիմնավորվեց այն ժամանակ, երբ Հանրապետականը ոչ միայն կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի կալանավորմանն, այլև նույնիսկ որոշ կարկառուն դեմքեր իրենց արտահայտություններով շրջվեցին հերոսի դեմ: Մոտակա օրերս դուրս գալու դիմումս կներկայացնեմ: Փաստացի ես ինձ այլևս Հանրապետական չեմ համարում: