Դատարանը պարտավորեցրել քննել Ն․ Փաշինյանի կողմից վարքկանոնների խախտման մասին ՀԿ-ի դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

նկար

Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ:

Խախտման դեպքը վերաբերվում էր 2019թ. հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցի պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությանը. «այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է։ Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը և դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր և քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշմամբ կազմակերպության դիմումը թողնվել էր առանց քննության՝ դիմում ներկայացնելու համար «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետից ուշ դիմելու պատճառաբությամբ: Այս որոշումը Հանձնաժողովի գործունեության ընթացքում ընդունված առաջին որոշումն էր։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 2020թ. հունվարի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 29.11.2019թ. դիմումով մատնանշված դեպքի առթիվ վարույթ հարուցելու և համապատասխան եզրակացություն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

2020թ. օգոստոսի 24-ին Վարչական դատարանը վճիռ է կայացրել, որով բավարարել է կազմակերպության հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշումը։ 

-- 00—ՄՀ