Ավինյանի գլխավորությամբ կիբեռանվտանգության վերաբերյալ խորհրդակցություն է կայացել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

Ավինյան

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն:

Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:

Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ: 

Տիգրան Ավինյանը նշել է, որ  անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների  գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման,  պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին և նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները:

-- 00—ՄՀ