Մենք էլ, մեր երեխաներն էլ, ժողովրդի հետ նույն կրակի տակ էինք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

Ռիտա Սարգսյան

Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարևոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգևոր էներգիան, հետո տևական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության և Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար: Պատերազմական տարիների հուշերի ու զգացողությունների վերաբերյալ «Pastinfo»-ն զրուցել է Ռիտա Սարգսյանի հետ: 

Ազգային հպարտությամբ լեցուն օրվա աղբյուրն ու ակունքը Արցախյան ազատամարտն է, որից ջուր են խմում մեր սերունդները:

Տիկին Սարգսյանը կարևորում է այն մասնակցությունը և լուրջ ներդրումը, որ Արցախյան պատերազմի տարիներին ունեցել են նաև Արցախի բոլոր կանայք՝ ամբողջապես ապահովելով թիկունքը՝ օգնելով ու աջակցելով, որ տղամարդիկ կենտրոնանան հիմնական գործի վրա:

«Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները…Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն, նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք և ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»:

Միս կտրելու դանակը՝ որպես ինքնապաշտպանական միջոց

Երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը և խոսք էր գնում պատերազմի մասին, հանկարծ տնից անհետացավ մեր միս կտրելու դանակը: Սկեսրոջս հետ օրերով փնտրում էինք դանակն ու չէինք գտնում: Սերժ Սարգսյանի Սաթենիկ տատը, որ անկողնային էր արդեն, օրեր շարունակ լուռ հետևելով մեր փնտրտուքին, մի օր էլ չդիմացավ մեր հարցաքննությանը և խոստովանեց, որ ինքն է պահել դանակը: Երբ հարցրինք՝ բաբո, դանակը չե՞ս տեսել, նա բարձի տակից հանեց այն ու մեկնեց ինձ: Սկեսուրս ու ես զարմանքից քարացել էինք, հարցնում ենք՝ ախր, ինչու՞ ես դրել բարձիդ տակ: Նա, որ հայտնի էր իր համարձակ և ոչնչից չվախեցող կերպարով, հայացքը մեզ ուղղեց և ասաց՝ թուրքը որ գա, ինչ պիտի անեմ, ո՞ նց պիտի պաշտպանվեմ…

Այսինքն, Սաթենիկ տատը ինքնապաշտպանության նպատակով էր մսի դանակը բարձի տակ պահում:

Չեն մոռացել իրենց առօրյայի մաս դարձած «Գրադ»-ի և «Ալազան»-ի ձայները

Արցախում բոլորն էին պատերազմի մեջ՝ մեծից՝ փոքր, երեխաներն անգամ հստակ տարբերակում էին բոլոր զինատեսակները, նրանց ձայները՝ տանկ, Գրադ, Ալազան…Հիշում եմ՝ աղջիկս մի օր փամփուշտ էր գտել, տուն բերեց ու թե՝ մամա, սա ԱԿՄ է թե՞ ԱԿՍ: Ես չհասկացա հարցի իմաստը, ուստի նրա հարցին չկարողացա պատասխանել: Հետո, իհարկե, ինձ բացատրեցին, ինչ ասել է՝ ԱԿՄ և ԱԿՍ…

Արցախի երեխաները… շատ ընտանիքներ գիտեմ, որ երեխաներից մեկին հայրական տատի մոտ էին պատսպարում, մյուսին՝ մայրական, որ բան է, Աստված մի արասցե, մեկին հանկարծ մի բան պատահի, մյուսը՝ փրկվի: Եվ զգացական էր ժողովուրդը, և՛ սառը դատողությամբ:

Ղևոնդի մատուռի մոմալույսերը

Շուշիի ազատագրման նախորդ օրն էր, ինքս ինձ համար որոշեցի, որ պիտի բարձրանամ՝ հինգ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր խոյացած Ղևոնդի մատուռը և մոմեր վառեմ՝ մերոնց հաղթանակի համար: Ճանապարհն ահավոր դժվար էր, բայց ես վստահ էի, որ հղացումս պիտի իրագործեմ՝ մինչև գագաթը պիտի հասնեմ, վառեմ մոմերս և մենք պիտի հաղթենք: Պիտի ազատագրենք գեղեցկուհի Շուշին:

Ղևոնդի մատուռ տանող բարձուքը հաղթահարելիս շարունակ հիշում էի տատիկիս խոսքերը: Մի օր նրան հարցրել էի, թե ինչու՞ են այսքան բարձր, հեռավոր սարի գլխին կառուցել մատուռը: Աստծո ոտնատակը պիտի դժվարությամբ հասնես, ասել էր նա:

Հասնելով բաղձալի սրբավայրը՝ մի պահ զարմացա՝ տեսնելով բազմաթիվ վառվող մոմերը: Այսինքն, շատերն էին ինձ նման մտածել…Վառվող մոմերը Շուշիի հաղթական ազատագրման համար լուսավոր ցանկություններ լինեին ասես…

Հաջորդ օրը եկավ՝ բարին հետը՝ հաղթել ենք, Շուշին ազատագրված է:

Այդ հաղթանակը բոլորիս ցանկությունների խտացումն էր: Երբ ազգովի նույն նպատակի համար ենք պայքարում, հաջողությունը նախասահմանված է, անկասկած է:

--00--ԱԹ