ԱԱՏՄ-ն վարչական նոր շենք կունենա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

ԱԱՏՄ

Կառավարության որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոց 26 հասցեի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի շենքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ՊՈԱԿ-ի հետ ունեցած անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր կնքել, որից հետո երկամսյա ժամկետում ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացվի տարածքի հանձնման-ընդունման աշխատանքը:

Նոր տարածքում տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ ԱԱՏՄ-ն նախորդիվ դիմել էր պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի շենքային պայմանների ապահովման նպատակով կատարվել է մի քանի հավանական տարածքների տեղատեսություն, ինչի արդյունքում հնարավոր տարբերակ է դիտարկվել Սախարովի անվան դպրոցի երկու մասնաշենքը:

Դպրոցի կառավարման լիազորությունն իրականացնող մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, տվել է իր համաձայնությունը, որպեսզի դպրոցի մասնաշենքերն անցնեն ԱԱՏՄ-ին:

Վարչական նոր շենքը հնարավորություն կընձեռի, որպեսզի ԱԱՏՄ գլխամասն ու Երևանի տարածքային կենտրոնը մեկտեղվեն մեկ վայրում, ինչն առավել համակարգված և օպերատիվ կդարձնի տեսչական մարմնի աշխատանքը։ Կբարելավվեն շենքային պայմանները, իսկ խիտ տեղակայված մեծ աշխատակազմը կունենա աշխատանքային առավել հարմարավետ պայմաններ։

--00--ԱԹ