Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

հասարակական

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նույն մարզի բնակիչ Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ինքը միջնորդել է նիստը հետաձգել, որպեսզի հասցնի քրեական գործի նյութերին ծանոթանալ եւ գրավոր առարկություններ ներկայացնել: Նիստը կվերսկսվի գիշերը`ժամը 2:30-ին:

Նշենք, որ Հովսեփյանը դեռեւս ձերբակալված է, նրա ձերբակալման 72 ժամը կլրանա այս գիշեր`04:30-ի սահմաններում:

Պաշտպանի խոսքով` Հովսեփյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ավելի վաղ նա մանրամասն ցուցմունք էր տվել կասկածանքի վերաբերյալ:

Հովսեփյանն այսօր նաեւ առերեսվել է այն անձի հետ, ումից ինչպես ինքն է նշել, գնել է ցորենի գործարանային սպիրտ: Գոռ Գեւորգյանի խոսքով`այդ անձն էլ իր հերթին է վարույթն իրականացնող մարմնին հայտնել, թե ինքը ումից է սպիրտը գնած եղել: Ըստ պաշտպանի՝ նրանց խոսքերում, ամեն դեպքում, էական հակասություններ չկային:

--0--ԿԿ