Տեղեկացա, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուղղել է ամոթալի պրատիկան․ Ղամբարյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արդեն տևական ժամանակ է Գևորգ Գյոզալյանի hետ նախաձեռնել ենք ստրատեգիական դատավարություն, ապացուցելու, որ որոշակի ոլորտներում «Փաստաբան և Փաստաբանների պալատ» հարաբերությունները հանրային իրավական են, և այդ տեսակի գործերը ենթակա են Վարչական դատարանին: Սակայն ՀՀ վարչական դատարանը իմ գործով 22.02.2019թ. որոշում էր կայացրել, որ այդ վեճը հանրային իրավական չէ, ուստի գործն ընդդատյա է, ոչ թե ՀՀ վարչական դատարանին, այլ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանին (Տե՛ս վերաքննիչ բողոքը ստորև՝ մեկնաբանությունների բաժնում)

Ներկայումս գործը գտնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ միջնորդել եմ դատարանին դիմել ՍԴ, քանի որ.

«Հանրային իրավահարաբերություններից բխող վեճը ՀՀ վարչական և ընդհանուր իրավասության դատարանների թույլ տված՝ ինձ համար ամոթալի սխալի պատճառով վարչական դատավարությունից քաղաքացիական դատավարություն փոխանցելու և այն վարույթ ընդունելու հետևանքով ծագում է սույն գործով կիրառման ենթակա մի շարք նորմերի հակասահմանադրության վտանգ» (միջնորդությունը տե՛ս ստորև՝ մեկնաբանությունների բաժնում):

Երեկ տեղեկացա, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/21085/02/19 գործով ուղղել է այս ամոթալի պրատիկան: Դատարանը, փաստացի հաշվի առնելով նաև հայալեզու դոկտրինալ աղբյուրները, 03.09.2020թ քաղաքացիական գործի վարույթը կարճելու որոշմամբ նշել է.

«Փասատաբանների պալատի և Հայցվորի (փաստաբանի) միջև ծագել է հանրային իշխանության (իրավազորության) իրականացման ընթացքում, նրանց միջև առկա է որոշակի ենթակարգություն (ենթակայությունը), նրանց հարաբերությունները կարգավորող նորմերը ծառայում են հանրային (ընդհանուր) շահին, վեճի մի կողմը հատուկ օրենքի հիման վրա փաստացի հանրային իրավազորություն ունեցող սուբյեկտ է, և վեճն իր բնույթով վստահաբար մասնավոր (առևտրային) չէ։ Հետևաբար, նման իրավահարաբերություններից ծագած վեճի նկատմամբ չեն կարող կիրառվել մասնավոր իրավահարաբերություններից ծագած վեճի կարգավորման համար նախատեսված դատավարական կանոնների և երաշխիքների այն համակարգը, ինչպիսին քաղաքացիական դատավարությունն է»։

Հիանալի է, որ իրավագիտությունն ակտիվորեն ներթափանցում է դատական պրակտիկա՝ բարձրացնելով արդարադատության որակը»:

-- 00—ՄՀ