Արցախի ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է քննարկում՝ «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով:

Քննարկմանը թեմայի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը: Վերջինս ներկայացրել է կրթության նոր չափորոշիչների աշխատանքային փաթեթը՝ նշելով, որ առաջարկվող չափորոշիչների հիմքում ազգային ռազմավարական ծրագիրն է: «Չեմ փաստի, որ ծրագիրը և չափորոշիչը բացարձակ համաձայնեցված են միմիյանց. իարկե, կան խոտաններ, ինչը նորմալ է, քանի որ մենք չենք կարող բոլոր խնդիրները ամբողջական տեսնել և հավաքագրել»,- նշել է Սոֆիա Հովսեփյանը:

Ներկաները հանդես են եկել ելույթներով, առաջադրել չափորոշիչներին և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր և ներկայացրել առաջարկություններ:

Քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների նման ձևաչափով հանդիպումները, ինչը թույլ կտա հետագայում ընդունել ավելի համընդգրկուն որոշումներ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունները, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պատասխանատուներ և Ստեփանակերտի դպրոցների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք: 

-- 00—ՄՀ