Ովքեր են վարչապետի թույլտվությամբ դիվանագիտական անձնագիր ստացած 19 անձինք. ԱԳՆ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԳՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018 թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ արդյոք այդ անձանց մեջ կա՞ն գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանել է՝ ո՛չ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ասել է Նաղդալյանը, ապա հավելել, որ այս թիվը 2018 թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

Ավելի վաղ Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին ՀՀ դիվանագիտական վավեր անձնագիր ունի 1127 անձ: Այդ անձանցից 886-ը դիվանագիտական ծառայության մեջ ներգրավված դիվանագետներ են և կցորդներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, 129-ը Ազգային ժողովի պատգամավորները, 93 պետական պաշտոնատար անձինք: 2018 թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։

--00—ԼՄ