Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Արցախ ԱԺ

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ  7-րդ գումարման  2-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի պատրաստվածությունը՝  աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկելու նպատակով: Մշտական հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցությայն ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատարած իր այցին: Վերջինս խոսել է տեղի ունեցած հանդիպումների և երկուստեք ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ևս հանդես է եկել  Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրերին խորհրդարանական գործունեության մասին ամփոփ տեղեկատվությամբ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԱՀ խմբակցությունների միջև հանդիպումներին և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝«Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հանձնարարական է տվել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի ձևավորման համար հանդես գալ առաջարկություններով: 

-- 00—ՄՀ