Տեղ համայնքի փոքրիկները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մանկապարտեզ

Սյունիքի մարզի Տեղ համայնքում մանկապարտեզի խնդիրը առկա էր դեռևս 1992 թվականից, շենքը հիմնովին վնասվել էր հրետակոծության հետևանքով։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում իրականացրել է Տեղի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ  է շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ 10 տոկոսը ներդրվել է համայնքի և «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից։

Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել  ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։

Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի։

-- 00—ՄՀ