Եթե չեք հասկացել, ուրեմն, Փաշինյանի ասած՝ իրավիճակին չեք տիրապետում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

քաղաքական

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկած քաղաքական թիմի ներկայացուցիչները, որոնք զօրուգիշեր հայտարարում էին բաց, թափանցիկ աշխատանքի, լրատվամիջոցների հետ անկաշկանդ շփվելու մասին, իշխանափոխությունից որոշ ժամանակ անց սկսեցին ճիշտ հակառակն ապացուցել:

Նախկինների հետ պատեհ ու անպատեհ առիթներով համեմատվող ու «նախկինները ձեզ հետ էսքան հեշտ էի՞ն շփվում» ասող պատգամավորները հրաշալիորեն տեղավորվել են մանդատավորի տրամաբանության մեջ ու ձգտում են նախկինների «փառքին»:

Հանուն արդարության փաստենք՝ նախկինների հետ շփումն, այո, այդքան էլ անկաշկանդ չէր, բայց և տեղին չէ այն միֆը, թե նրանք Մարս մոլորակի նման անհաս էին, ու, օրինակ, ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողներն իշխանության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ չէին անում:

Հանուն արդարության ասենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ էլ կան այնպիսիները, որոնք միշտ, առանց որևէ ավելորդ սեթևեթանքի շփվում են լրատվամիջոցների հետ:

Ցավոք, նրանք, ովքեր դասակարգում են լրատվամիջոցներին, տվյալ ԶԼՄ-ի ֆինանսական հոսքերը փորձում հասկանալ, հետո նոր գցում-բռնում՝ հարցազրույց տալ, թե՝ ոչ, լրագրողներին անհարկի սպասեցնում խորհրդարանի միջանցքներում, մեծամասնություն են կազմում: Լրագրողական էթիկայից ու ստացածս դաստիարակությունից ելնելով՝ պաշտոնյային երբեք ու երբեք անհարմար դրության մեջ չեմ դնում, օրինակ, հարցս լսելի դարձնելու համար ճեպազրույցի ժամանակ չեմ ընդհատում, չեմ գոռում, միկրոֆոնը նրա բերանը չեմ մտցնում, առանց համաձայնության չեմ նկարում, ուղիղ եթերի սարքը միացրած միանգամից չեմ մոտենում ու հարց տալիս: Միշտ մտածում եմ՝ իսկ գուցե մարդը խնդի՞ր ունի ու անտրամադի՞ր է, գուցե այդ պահին անհարմար է խոսելը և այլն։

Այսօր սակայն խորհրդարանում անկացրած 8 ժամը ստիպեց մտորել այդ ամենի մասին՝ իսկ գուցե միանգամի՞ց, առանց համաձայնեցնելու պետք է «միկրոֆոն դեմ տալ» ու անհարմար դրության մեջ դնել: Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ իմ՝ էթիկայից բոլոր կանոնները պահելով հարցազրույց անելու առաջարկը մերժվում է, մեկ ուրիշինը՝ ոչ: Նորից էթիկայից ելնելով՝ այժմ ո՛չ լրատվամիջոցի, ո՛չ էլ պատգամավորի անուն չեմ նշում, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին մի փոքրիկ հուշում եմ ուզում տալ՝ պաշտոնյայի գործունեության անբեկանելի գործառույթներից է լրատվամիջոցների հետ շփումը:

Պետական-իրավական հանձնաժողովի անդամների մեծամասնությունն այսօր խուսափում է մեկնաբանել «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդների՝ նիստերին չմասնակցելու բոյկոտը: Ես իհարկե շա՜տ, անչա՜փ լավ եմ հասկանում, որ նրանք անցավ գլուխը ցավի տակ դնել չեն ուզում, բայց դե «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին» «Իմ քայլի» քաղաքական առաջնորդն է խոսք տվել՝ առավելագույնս բաց ու անկաշկանդ լինել: Սուրբ տեղը թափուր չի մնում, մեր եթերաժամանակը, անկասկած, այսպես թե այնպես լրացվելու է, փոխարենը մարդկային շփման որոշակի նորմեր են փոխվելու:

Ազգային ժողովի միջանցքներում, բուֆետում, հանձնաժողովի նիստերի ժամանակ, լիագումար նիստերի դահլիճում ու առհասարակ փողոցում հաճախ այնպիսի միջադեպերի ականատեսն եմ լինում, որոնց մասին բարձրաձայնելը պարզապես մեծ աղմուկ ու ցասում է առաջացնելու: Դե, որովհետև հասկանում եմ՝ բոլորն էլ մարդ են, և, կարող են, օրինակ, նիստերի դահլիճում «չաթ» անել, խաղ խաղալ, առողջապահության նախարարի հորդորին դեմ գնալ ու «ծխեցնել» խորհրդարանը և այլն, և այլն: Հարցն այն է, թե որքանո՞վ են այդ ամենը գնահատում մերօրյա երեսփոխանները, փաստորեն՝ ոչ այդքան:

Փորձառու քաղաքական գործիչը լավ գիտի՝ լրատվամիջոցին «իգնոր» անելն իր շահերից չի բխում, երիտասարդ խորհրդարանը, սակայն, ճիշտ հակառակ ճանապարհով է գնում: Պատգամավորների մեծամասնությունն անտրամաբանական ամբիցիաները մի կողմ դնելու ու իրապես  բաց, թափանցիկ աշխատելու, առհասարակ աշխատելու խնդիր ունի:

Մի փոքրիկ բան էլ հուշեմ՝ պատրաստված քաղաքական գործչի կրեդոն ոչ թե լրատվամիջոցին մերժելն ու նրա փողերը հաշվելն է, այլ անգամ ամենաանցանկալի հարցին պատրաստակամորեն պատասխանելն ու դրա տակից պատվով դուրս գալն է: Թե չէ՝ «ես թեմային լավ չեմ տիրապետում», «հիմա զբաղված եմ», «թող ուրիշը խոսի», «վատ վերնագիր եք դրել», «կոնտեքստից կտրել եք», «բա նախկիններին էդպիսի հարց տալիս էի՞ք» ու նմանատիպ արտահայտությունները, հաստատ, որևէ մեկի վարկանիշը չեն բարձրացնում: Իսկ եթե նոր եք հասկացել կամ չեք էլ հասկացել, որ պաշտոնը, նախևառաջ պատասխանատվություն ու հաշվետվողականություն է, ապա, նորից Նիկոլ Փաշինյանի ասած, իրավիճակին չեք տիրապետում:

Վրույր Սևակ

--0--ԿԿ