Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արցախի գյուղնախարարին. քննարկման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման օրակարգն ընդգրկում էր հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի լայն շրջանակ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և մինչև տարեվերջ ներկայացնել այն առարկայական համաձայնությունները, որոնք պետք է լինեն հետագա ներդաշնակ գործողությունների հիմքում։ Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ մի շարք կետերի շուրջ արդեն իսկ գրանցվել են փոխհամաձայնություններ։

Երկուստեք ընդգծվել է միասնական ուժերով, փոխգործակցությամբ և երկու կողմերում առկա պետական օժանդակության գործիքակազմի կիրառմամբ պարենային անվտանգության և պարենային ապահովության կարևորությունը։ Պարենային անվտանգության ապահովման համատեքստում հստակեցվել է, որ խնդիրը պետք է դիտարկել մեկ ընդհանուր նկարի մեջ և համադրել երկու պետությունների հնարավորությունները պարենային անվտանգության բարձրացման նպատակով։ Այս առումով Տիգրան Խաչատրյանը նշել է․

«Մեր բոլոր գործողություններն, ի վերջո, երկու կարևոր խնդիր լուծելու նպատակ ունեն՝ Արցախի և Հայաստանի ժողովրդին ապահովելու տեղական արտադրության բավարար քանակությամբ սնունդով, որը միաժամանակ լինի որակյալ։ Եվ կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք մեր կողմից մշակված են և որպես ծրագիր առաջարկված կիրառության համար, այդ նպատակին են ծառայում»։

Նախարարը նաև կարևորել է ենթակառուցվածքների դերը՝ նշելով․ «Ենթակառուցվածքները պետք է լինեն պատրաստ և հասանելի գյուղացիական, ֆերմերային տնտեսությունների համար, մյուս կողմից բնակչությունը պետք է պատրաստ լինի այդ ենթակառուցվածքները օգտագործել իրեն անհրաժեշտ ծառայություններ ապահովելու տեսանկյունից»։

Իր խոսքում Աշոտ Բախշիյանը նշել է, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև ձևավորվել են շատ ջերմ հարաբերություններ, որոնք կարող են գործնական ոլորտում միասնական հաջողությունների լուրջ խթան հանդիսանալ։

Այնուհետև ԱՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Արցախի ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մասնավորապես, նրա տեղեկացմամբ, Արցախում արդեն իսկ մեկնարկել է համատեղ նախագծված ցորենի արտադրության ծրագիրը՝ հաշվի առնելով Արցախի գյուղատնտեսական ռեսուրսները և ցորենի մշակման առանձնահատկությունները: Ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում տրամադրվել են նախահաշվարկային բոլոր տեղեկանքները և փաստաթղթերը, արցախյան կողմը համանման ծրագիրը բերել է նախագծային տեսքի: Ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում ուսումնասիրվել է Հայաստանում գործող պետական աջակցության ծրագիրը, Արցախում նախատեսվող ծրագիրը ևս բերվել է նախագծային տեսքի:

Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիրը տրամադրված տեղեկատվության հիման վրա արցախյան կողմը բերել է նախագծային տեսքի: ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կկրկօրինակվի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում է նաև սպանդանոցային մորթը: Հանդիպման ընթացքում ԱՀ գործընկերներին պարզաբանումներ են ներկայացվել սպանդանոցների քարտեզագրման, նոր սպանդանոցների հիմնման պետական աջակցության մեխանիզմների վերաբերյալ: Անասնաբուժության ոլորտում քննարկվել են երկու պետություններում միջսահմանային հիվանդությունների կանխարգելմանն առնչվող հարցեր: Սպանդանոցների կառուցումը խթանելու նպատակով նախագծվել է համապատասխան աջակցության ծրագիր:

Քննարկվել են նաև գյուղատնտեսության որոտում նոր ներդրումների ներգրավմանը, պետական աջակցության գործիքակազմի ենթակառուցվածքների զարգացմանը, վերամշակման ոլորտներում առավել արդյունավետ քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։

Արցախյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արցախցի գործընկերների հետ մինչ այժմ ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու հետագա անելիքները։

--00—ԼՄ