10 հոգանոց հարսանիք, ծնունդ, թաղում. Վրաստանում ուժի մեջ մտան սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վրաստամ

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից: Այդ մասին հայտնում է «AliQ Media»-ն:

  • Սեպտեմբերի 10-ից, Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն: 

Հարկ է նշել, որ կառավարության պարզաբանմամբ, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների  քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

  • Երկրորդ արգելքը, որը այսօրվանից ուժի մեջ է մտնում, բաց տարածքներում սպորտային և մշակութային միջոցառումների վրա տարածվող արգելքն է: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բաց տարածքներում 200 հոգուց ավել մարդու մասնակցությամբ  սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնելն այսօրվանից արգելվում է:

Կառավարության հայտարարության համաձայն՝ կանոնակարգերը չպահպանելու համար կգործեն համապատասխան պատժամիջոցներ, և անհրաժեշտ է, որ հասարակությունը ցուցաբերի բարձր քաղաքացիական պատասխանատվություն:

--00—ԼՄ