Ինչո՞ւ Օբաման ստացավ Նոբելյան մրցանակ, իսկ Թրամփը միգուցե չստանա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թրամփ Օբամա

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը «Ինչո՞ւ Օբաման ստացավ Նոբելյան մրցանակ, իսկ Թրամփը միգուցե չստանա» վերտառությամբ վերլուծություն է հրապարակել, որում ասված է.

«Խաղաղության Նոբելյան մրցանակը 2009-ին շնորհվեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` «միջազգային դիվանագիտությունն ամրապնդելու և ժողովուրդների միջև համագործակցությունը ամրապնդելու համառ ջանքերի համար»:

Օբաման դեռ որևէ կերպով չէր հասցրել միջազգային խաղաղության համար որևէ բան անել, սակայն Օբամայի դիրքորոշումը` միջուկային զենքի չտարածուման, միջազգային հարաբերություններում «նոր մթնոլորտ» ապահովելու և հատկապես մահմեդական աշխարհի հետ համագործակցության համար օգնեցին նրան ստանալու մրցանակը ըստ էության որպես «կանխավճար»:

Լիբերալ հանրույթը ողջունեց այս որոշումը համարելով, որ նորըտիր նախագահը դեռ կապացուցի, որ արժանի է այս մրցանակին: Ըստ էության սա նաև լիբերալ աշխարհի պատասխանն էր Բուշի «պատերազմող» վարչակազմին:

Օրեր առաջ Նոբելյան մրցանակի առաջադրվեց նաև Թրամփը, Իսրայելի և էմիրություների միջև հաշտեցման համաձայնագիր բանակցելու համար: Սա իրապես պատմական ձեռքբերում էր և վստահաբար Թրամփն այստեղ առավել գործ է արել քան Օբաման: Սակայն հարց է, թե արդյո՞ք լիբերալ հանձնաժողովը կքվեարկի Թրամփին մրցանակ շնորհելու օգտին, թե հաշվի կառնվի վերջինիս հակագլոբալիստական և ոչ լիբերալ աշխարհահայացքը և դիրքորոշումը: Ինչևէ, հանձնաժղովին ծանր որոշում է սպասվում:

Մերժելով Թրամփին հանձնաժողովն ըստ էության չի գնահատի այդ կարևոր ձեռքբերումը միաժամանակ չի կարող հիմնավորել, թե ինչու Օբաման ստացավ մրցանակ «ոչ մի բանի» դիմաց, իսկ Թրամփը, որ միակ նախագահն է վերջին 30 տարիների ընթացքում, որ որևէ պատերազմ չի նախաձեռնել, մրցանակ չի ստանում: Իսկ տալով մրցանակը Թրամփին հանձնաժողովը շատ ծանրակշիռ նվեր կշնորհի Թրամփին ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ»: