ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Թուրքիա

Եթե Թուրքիան Հունաստանի և Կիպրոսի հետ ունեցած խնդիրները լուծելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ չնստի, ապա սեպտեմբերի վերջին Եվրամիությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

ԵՄ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը հատկապես աճեց այն բանից հետո, որ Թուրքիան սկսեց նավթի և գազի բնական պաշարների որոնողական աշխատանքները Միջերկրական ծովի այն հատվածներում, որոնք իրականում Հունաստանին և Կիպրոսին են պատկանում։

Միջերկրական ծովի ափերին գտնվող ԵՄ անդամ յոթ երկրներ Կորսիկայում հրավիրված նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Եթե երկխոսության հաստատման հարցում Թուրքիան առաջընթաց չգրանցի և վերջ չդնի իր միակողմանի գործողություններին, Եվրամիությունը կսկսի նախապատրաստել հավելյալ սահմանափակումների ցանկը, որը քննարկման կդրվի սեպտեմբերի 24-25-ին», - ասված է հայտարարության մեջ։

ԵՄ անդամ 7 երկրները նաև իրենց լիակատար աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հունաստանին ու Կիպրոսին՝ վերջիններիս ինքնիշխանության դեմ Թուրքիայի պարբերական ոտնձգությունների դեմ։

-- 00—ՄՀ