Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից՝ ժամը 22:00-ից, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:

--00—ԼՄ