Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News  

աղբ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ եմ ստանում մեր քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունը զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում, արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր։ Այդ տեղամասերում գրանցվել են մի շարք խնդիրներ՝ մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ:

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով իմ կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարին։ Խնդրել եմ աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր լուման ներդրեք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի բնապահպանական աղետների մեղմման գործում։

Իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ»։ 

-- 00—ՄՀ