Այս շաբաթ ռազմական ոլորտները քննարկման առանցքում չեն եղել. «Հենակետ» ՀԿ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News   

Հենակետ

«Հենակետ» վերլուծական ՀԿ-ն ամփոփել է անցնող շաբաթը:

«Անցած շաբաթվա հանգստյան օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերի ուսումնասիրությունից արձանագրում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը, որին ներգրավվել է ավելի քան 2600 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 180 հրթիռային, հրետանային և ականանետային կայանքներ, 18 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 30 միավոր ՀՕՊ միջոցներ և մոտ 320 ավտոմոբիլային տեխնիկա։

Զորավարժություններին ներգրավվել են պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի և ԱԻՆ-ի զինծառայողները։ ՊԱԾ-ից, ՊՍԾ-ից և ներքին զորքերից հիմնականում մասնակցել են հատուկ նշանակության զորքերը, իսկ ԱԻՆ-ից սակրավորներ և ռադիացիոն, քիմիական պաշտպանության ստորաբաժանումները։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, թե զորավարժությունների ընթացքում ինչպիսի զրահատեխնիկա և սպառազինություն է կիրառվել:

Նախորդ շաբաթ, սեպտեմբերի 7-ին, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Իրանի «Նորդուզ» սահմանային անցակետով ռուսական սպառազինություն է մատակարարվում Հայաստան։ Թեման ադրբեջանական մեդիատիրույթում լայն քննարկման առարկա է դարձել, սակայն Բաքվում Իրանի դեսպանությունը հերքել է Իրանի տարածքով Հայաստան ռուսական սպառազինության մատակարարելու մասին տեղեկությունները:

Անդրադառնալով հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի գերեվարման թեմային, նշենք, որ նրա՝ Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել, բայց այդ միջադեպի առնչությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ իրավական աջակցություն չեն ցուցաբերել:

Հավելենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Գուրգեն Ալավերդյանի հնարավոր ծառայակիցներին հեռակա մեղադրանք է առաջադրել և նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ դիմելով Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը:

Ճիշտ է, փորձագետների կարծիքով, Ադրբեջանի կողմից Ինտերպոլին դիմելը քարոզչական բնույթ ունի, սակայն խնդրին պետք է ուշադրություն դարձնել և հետևողական լինել թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով:

Հատկապես Տավուշյան դեպքերից հետո նեղ փորձագիտական շրջանակների կողմից շարունակում է քննարկվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների, այդ երկրների պաշտոնյաների, ռազմական բլոկի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերաբերյալ թեմաները:

Առկա է կարծիք, որ Ադրբեջանում թուրքական գործոնը ռազմական բլոկի կառավարման և բանակի վերափոխումների հարցում դառնում է առանցքային գործոն, իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականության նոր մոտեցումներն ընդգծված պրոթուրքական երանգներով են:

Հետաքրքրական է, որ այս ամենի ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը նաև համատեղ մեդիապլատֆորմ են ձևավորում, որի նպատակը, ըստ պաշտոնական պարզաբանումների, անվտանգության ոլորտի սպառնալիքներն են։

Եվ սա Թուրքիա-Ադրբեջան միասնական քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող հերթական ներդաշնակեցումն է։

Անդրադառնալով մեր զինված ուժերում նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած անցուդարձին, նշենք, որ սեպտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում ուսումնական վաշտի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։

Անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել է գործնական պարապմունք: Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, իսկ նույն զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:

Սեպտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում ուսումնական վաշտի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։

Սեպտեմբերի 8-ին զինծառայողների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և մարտական հերթապահության կազմակերպման հարցերի քննարկման նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Իսկ 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության տեղամասում իրականացվել են տեղազննման աշխատանքներ։

Սեպտեմբերի 9-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք: 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։ Իսկ 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 10-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, հերթապահության կրման և կեցության պայմաններն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է N զորամասի մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել համապատասխան հրահանգներ:

Սեպտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը կենտրոնական ուղղությամբ տեղակայված, գեներալ-մայոր Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող միավորմանը հանդիսավոր պայմաններում հանձնել է մարտական դրոշ:

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:

Մասնավորապես, արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները, խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին, պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների:

Արցախի Հանրապետության ՊՆ մամլո ծառայությունը ևս հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Հավելենք, որ սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց:

Ընդհանուր առմամբ, նախորդ շաբաթների համեմատ, ռազմական ոլորտին և անվտանգային հարցերին վերաբերվող թեմաները ակտիվ քննարկման առանցքում չեն եղել, քիչ թե շատ քննարկվել և վերլուծվել է թուրք ադրբեջանական համագործակցության մասին թեմաները տարբեր դիտանկյուններից»,- հայտնում են կենտրոնից:

--00--ԱԹ