Հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու․ «կարմիր գծի» վերին շեմին ենք․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետներն ու փորձագիտական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, ինչը համարվում է «կարմիր գծի» վերին շեմը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։

Տեղեկությունների համաձայն, վարկի առյուծի բաժինը (մոտ 150 մլն դոլար) հատկացվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4 հատվածին, որն ընդգրկում է Քաջարան-Ագարակ շուրջ 42 կմ հատվածը:

Ի դեպ, պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարկային համաձայնագրի թեման նախատեսված է եղել կյանքի կոչել դեռեւս 2016-ի դեկտեմբերին, որն ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվել է, իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա էլ էր կասեցվել՝ կապված մի շարք դատական գործընթացների ու տարբեր քրեական պատմությունների հետ։

Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկա փուլում իշխանությունները նախատեսում են մոտ 4 տարվա վաղեմություն ունեցող վարկային գործընթացը վերսկսել։ Տեղեկության համաձայն, սա պայմանավորված է նաեւ տնտեսական առկա ծանր վիճակով. սա հնարավորություն կտա որոշակի գումար ներարկել տնտեսության մեջ՝ ինչ-որ ակտիվություն ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ