ԿԳՄՍՆ-ն հերքում է Շիրակի մարզի 3 համայնքում աշակերտների տրանսպորտի փողը չհատկացնելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

մենքենա

Լրատվականներից մեկում այսօր տեղեկություն հրապարակվեց, թե իբր Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Սալուտ, Վարդաղբյուր, Հարթաշեն գյուղերի աշակերտներին և ուսուցիչներին դպրոց տեղափոխող տրանսպորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Հրապարակման համաձայն՝ երեխաների տրանսպորտային ծախսերը պետության փոխարեն հոգալու են ծնողները։

Խնդրի վերաբերյալ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ ֆինանսավորումը չի դադարեցվել, այլ նախարարի՝ 2019 թվականի հրամանով կանոնակարգվել է։

2019 թվականին ուժի մեջ մտած կարգավորումներով թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների դպրոց տեղափոխման համար փոխհատուցման առավելագույն չափ է համարվում տվյալ տարվա համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակված միջմարզային և/կամ միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար):

Այսինքն՝ պնդումը, թե նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը ու դրա արդյունքում ֆինանսական բեռը մնացել է ծնողների վրա, կեղծ է։

Նախարարությունից տեղեկացրին նաև, որ այս պահին հրամանը գտնվում է լրամշակման փուլում։ Նախատեսվում է երթուղու բացակայության դեպքում ամեն կիլոմետրի համար սահմանել որոշակի գումար, իսկ «Ամսական փոխհատուցման առավելագույն չափը» յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար սահմանել նախկին 15.000 դրամի փոխարեն՝ 20.200 դրամ։

Ավելի վաղ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանն ահազանգել էր, թե դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարևան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով 3 գյուղերի ծնողներով որոշել են երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ-գալով մոտ 12 կմ է:

«Մարզպետարանը տարիներ շարունակ մեր երեխեքին Գազել է տրամադրել, որ աշակերտներին Գազելը հավաքեր, 6 կմ տաներ դպրոց, հետո հավաքեր, հետ բերեր գյուղեր՝ 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա Գազելի փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան»,-ասել էր բնակիչը:

--00—ԼՄ