2020-ի հունվար-հուլիսին ՀՀ-ից կենդանի ոչխարի և այծի արտահանումը աճել է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

այծ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:

«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման՝ արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ